Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԺ նախագահի Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր:
Տիկին Դոլգոպոլովան նշեց, որ միջպետական հարաբերություններում այցը առաջխաղացման լուրջ խթան էր եւ ներկայումս ծավալուն աշխատանքներ են կատարվում պայմանավորվածությունները կենսագործելու համար: Մասնավորապես` առաջին. Աժ նախագահի գլխավորած պատվիրակության Հայաստան վերադառնալուց հետո սկսվել են բանակցությունները Մինսկի տրակտորի գործարանի եւ Չարենցավանի մեքենաշինական գործարանի միջեւ` մինի տրակտորների հավաքման արտադրություն կազմակերպելու շուրջ:
Երկրորդ` ուսումնասիրվում են Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում բելառուսական սառնարանների եւ հեռուստացույցների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու խնդիրները:
Երրորդ` ՀՀ ԱԺ-ի աջակցությամբ` ապրիլին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը կմեկնի Մինսկ` երկու ակադեմիաների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման համար:
Չորրորդ` պատվիրակության ձեռք բերած պայմանավորվածություների շրջանակներում կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի Բելառուս առաջիկա այցի ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկու երկրների պոլիտեխնիկական եւ այլ բուհերի միջեւ:
Հինգերորդ` տարածաշրջանային համագործակցության ուղղությունների որոշարկման համար եւս կատարված է կոնկրետ աշխատանք` մասնավորապես Մինսկի շրջանի եւ Սյունիքի մարզի միջեւ որոշակի ծրագրեր արդեն իսկ կան, պայմանավորվածություններ են ձեռք բերվելու նաեւ այլ մարզերի միջեւ համագործակցություն հաստատելու համար:
Վեցերորդ` առաջիկայում կորոշարկվի նաեւ տեղական եւ տարածքային կառավարման ինքնակառավարման խնդիրների շուրջ համատեղ խորհրդաժողով անցկացնելու ժամկետը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բելառուսի խորհրդարանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ համագործակցության այլ հարցեր: